
Տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդի և մյուս տուժողների ներկայացուցիչները միջնորդել են որպես լրացուցիչ վկաներ հարցաքննել զգալի թվով անձանց: Լրացուցիչ վկաների թեկնածուներին, ըստ գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Արթուր Դավթյանի, կարելի է բաժանել երկու խմբի՝ արդեն հարցաքննված և չհարցաքննված անձինք: Մեղադրողն ընդգծեց, որ մեղադրական եզրակացության մեջ տեղ են գտել այն վկաների ցուցմունքները, որոնք նշանակություն են ունեցել մեղադրանքի գնահատման տեսանկյունից: Մեղադրողը նկատեց, որ մինչ դատարանում հարցաքննելը կարծիք կար, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի դատարանում հարցաքննությունը «շրջադարձային ու հեղափոխություն է լինելու», սակայն այդպես տեղի չունեցավ: