
Շաբաթ օրը «Օջախում» տեղի ունեցած Գագիկ Բեգլարյանի դստեր հարսանիքին մասնակցել է իշխանական ողջ էլիտան, այդ թվում և քաղաքապետ եղած ժամանակ Բեգլարյանի հետ լարված հարաբերություններ ունեցած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.
«Ըստ լավատեղյակների՝ այդ հարաբերությունները ջերմացնելու գործում մեծ ավանդ ունի Հովիկ Աբրահամյանը: Բարձր իշխանական էլիտան և Անվտանգության խորհուրդը նստել են մի սեղանի շուրջ, այստեղ են եղել ոչ միայն ՀՀ ԱԺ նախագահը, վարչապետը, մյուսները, այլև ԼՂՀ նախագահ Բակո Աահակյանը: Գագիկ Ծառուկյանը նստած է եղել կողքի սեղանին` հիմնականում ռուսաստանյան հայ բիզնեսմենների, ՀՀ նախագահի աշխատակագմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի, նրա եղբոր` Սամվել Կարապետյանի, «ՀայՌուսգազարդի» Կարեն Կարապետյանի հետ:
Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը ողջ ընթացքում ոչ մի բառ, բարև-բարլուս չեն փոխանակել, միայն նախագահի կենացը խմելիս` Ծառուկյանը մոտեցել, լուռ խփել է վերջինիս բաժակին: Ի դեպ, հարսանիքին հաջորդող կիրակի օրն Էլ Ծառուկյանի ծննդյան օրն էր: Ու թեև այս օրը, ինչպես տեղեկացնում են Հովիկ Աբրահամյանին մոտ կանգնած մեր աղբյուրները, որպես օրինաչափություն, նա ևս մասնակցում է ծննդյան արարողությանը, Աժ նախագահն այս անգամ չի մեկնել արտերկիր` այնտեղ նշվող ծննդյան տոնին մասնակցելու: Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդի ծնունդը նշել են Ուկրաինայում»: