Quantcast
Channel: Asekose.am
Viewing all articles
Browse latest Browse all 85425

Սառը պատերազմի ուրվականի ներքո` Վաշինգտոն-Մոսկվա ուղղակի բանակցություններ

$
0
0
Սառը պատերազմի ուրվականի ներքո` Վաշինգտոն-Մոսկվա ուղղակի բանակցություններ

Դուբլինում ընթացող ԵԱՀԿ-ի  արտգործնախարարների խորհրդաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտոuղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց. «Գոյություն ունի շարժում դեպի տարածաշրջանի խորհրդայնացում: Իհարկե, գործընթացը հենց այսպես չի կոչվում: Դրա անունը կարող է լինել «Մաքսային միություն» կամ «Եվրասիական միություն» եւ այլն: Մոլորության մեջ չընկնենք: Մենք գիտենք ինչն է նպատակը, եւ մենք փորձում ենք մշակել արդյունավետ ուղիներ, թե ինչպես դանդաղեցնել կամ կանխել այս գործընթացը»։

Դիվանագիտական հարթության վրա բավական կոշտ բնույթ ունեցող այս հայտարարությունը ուղիղ Ռուսաստանի դեմ է: Օգտագործված բառերը եւս նկատի չեն ունեցել որեւէ նրբանկատություն: Սեւով սպիտակի վրա հստակորեն Մոսկվան ամբաստանվո՛ւմ է խորհրդային կայսրություն վերահաստատելու փորձ կատարելու հանցանքով: Տակավին. ամբաստանությունը ունի այլ բաժիններ: Մոսկվան մոլորության մեջ ուզում է ներքաշել շահագրգիռ կողմերը եւ խաբկանքի քաղաքականություն կիրարկելով` մաքսային միություն կամ Եւրասիական միություն բառեզրերը շահարկելով խորքում կիրառել տարածաշրջանը ռուսականացնելու քաղաքականություն: Ըստ պետքարուղարի, այս բոլորի դիմաց ԱՄՆ-ը չի կարող ձեռնպահ մնալ. իմանալով նպատակը, ԱՄՆ-ը որոշել է կասեցնել կամ դանդաղեցնել Մոսկվայի ձեռնարկած գործընթացը:

Այսքան պարզ է հայտարարությունը եւ ուղղակի: Սառը պատերազմի ուրվականի վերադարձը նախանշող բնույթ ունի Հիլարի Քլինթոնի՝ առանց բառերը ծածմծմելու ասածը:

Բայց փորձենք դիտարկել հայտարարությանը նախորդած ժամանակահատվածում արձանագրված քաղաքական իրադրությունների պատկերը: Այսպես. նույն օրերին, ավելի ճիշտ Դուբլինի հավաքից քիչ առաջ Անկարայում տեղի էր ունենում Պուտին-Էրդողան հանդիպումը: Լրատվությունների մեծ մասը կենտրոնացել էր Սիրիայի խնդրի հանգուցալուծման հավանական բեմագրությունների վրա, կանխատեսելով, որ Սիրիան գրավել է երկու առաջնորդների բանակցությունների բովանդակության առյուծի բաժինը: Դա, իհարկե, կարող է համապատասխանել իրականությանը: Որոշ լրատվամիջոցներ տեղեկացված լինելով թե ենթադրելով՝ ակնարկել էին նայեվ հայկական խնդիրների քննարկումը:

Այս հանդիպումը, որին ներառվել էր Թուրքիայում Ռուսաստանի կողմից ատոմակայանի կառուցման ընդհանուր համաձայնությունը, բնականաբար չի կարելի աննկատ թողել շատ ու շատ պատճառներով, որոնք ուղղակի թե անուղղակի առնչվում են հայկական գործոնի հետ:  Սիրիայի խնդիրը, ռուս-թուրքական հարաբերութհունները, անգամ Թուրքիայում Մոսկվայի կողմից ատոմակայանի կառուցումը կապ ունեն հայկական առնչություն ունեցող գործընթացների հետ: Բոլորն էլ կապված են Հայաստանի Հանրապետությունը շրջափակած Անկարայի հետ, որ օժանդակում է մեր երկիրը իր հերթին շրջափակած Ադրբեջանին եւ ապաշրջափակումները պայմանանավորում է Բաքվի կողմից առաջ քաշվող նախապայմաններով: Խնդիրը չի վերաբերում սոսկ քաղաքական դասական այն տեսությանը, որի համաձայն հայկական կողմը տուժում է ամեն անգամ, երբ ռուս-թուրքական մերձեցում է լինում:

Ճիշտ է, որ Անկարան Մոսկվային իբրեւ խաղաքարտ է մոտենում` ԱՄՆ-ին, Արեւմուտքին ու Եւրոպային ուղերձներ ու պատգամներ փոխանցելու համար: Ուղղակի ասելով` սպառնում է Եւրոպային, շրջադարձ կատարելու դեպի Եւրասիական Միություն, եթե այն շարունակի պատնեշներ կառուցել իր անդամակցության քաղաքականության դեմ: Ուղերձը հղված է նաեւ Վաշինգտոնին. փաստորեն, ԱՄՆ պետքարտուղարը շատ կոշտ հակազդեցություն է ունեցել այս առիթով:

Սակայն միաժամանակ նման ենթադրյալ մերձեցման ցուցադրություն շահարկում է նայեվ Մոսկվան: Հրատապ օրակարգը, անշուշտ ռուս-թուրքական հարաբերությունների գործընթացում Սիրիայի հանգույցն է, որի լուծման համար անմիջական բանալիները գտնվում են ինչպես Մոսկվայում, այնպես նայեվ Անկարայում:

Եւրասիան, ատոմակայանը, մաքսային միությունը եւ հայկական գործոնը մշուշապատում են ամենաթեժ օրակարգը: Այդ օրակարգի քննարկման բացահայտ արդյունքները դեռեւս պարզ չեն:

Պարզը այն է, որ Պուտին-Էրդողան հանդիպումից անմիջապես հետո, Վաշինգտոնն ու Մոսկվան համաձայնել են ՄԱԿ-ի եւ Արաբական լիգայի հատուկ պատվիրակ Լահդար Բրահիմիի հետ քննարկումներ անցկացնել եւ Ժնեվի համաձայնությունները օրակարգի վերածել: Մինչ ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական բանբերը հերքում է, թե Սիրիայի բանակը քիմիական զենքեր  է տեղաշարժի ենթարկել:

Տարածաշրջանի խորհրդայնացման եւ սառը  պատերազմի ուրվականի վերադարձի հայտարարություններից հետո սկսվում է Սիրիայի օրակարգով Վաշինգտոն-Մոսկվա ուղղակի բանակցային փուլը:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր


Viewing all articles
Browse latest Browse all 85425

Trending Articles